Մի´ արժեզրկեք հաղթանակը

Երեք սերունդ, մեկ ազգ – հեղինակ՝ Լեոնիդ Հայրապետյան

Հեղինակ՝ Բոգդան Աթանեսյան

Մի´ արժեզրկեք հաղթանակը, ուղղակի մի´ արեք, ով էլ, որ լինեք, այն պարզ պատճառով, որ հաղթանակները երբեք ոչ ոքի հեշտ չեն տրվել: 2016 թվականի ապրիլը հայաստանյան նորանկախ պատմությունը բաժանեց երկու մասի՝ ապրիլից առաջ ու ապրիլից հետո:

Բազմաթիվ վերլուծություններ, դատողություններ, մտքեր, հրապարակախոսական տեքստեր, բամբասանքներ, հիմնավոր ու անհիմն մեղադրանքներ… Ամեն ինչ լսեցինք, տեսանք ու ապրեցինք, հասկացնաք ու գնահատեցինք, կամ ընդհակառակը՝ այդպես էլ հարցականներ դրեցինք ու դեռ սպասում ենք պատասխանների: Այո, հարցականներ կան ու կլինեն, որովհետև որևէ պատմական դրվագ մինչև վերջ անհարցական չի մնում, որովհետև ամեն տեղ կա սուբյեկտիվ գործոն ու լինելու է, և դա նույնքան մարդկային է, ինչքան մարդկային է ցանկացած էմոցիա՝ բարկությունից մինչև ոգևորություն:

2016-ի ապրիլի 3-ին արդեն Ադրբեջանը հասկացել էր՝ ձախողել է իր ձեռնարկած գործողություններում, ու ձախողվելու պատճառը միայն այն չէր, որ հայ զինվորը չէր նահանջել անգամ շատ մոտիկից զգալով հուժկու հարձակման վտանգը և պահել էր հայրենիքի՝ իրեն վստահված պատառիկը, նաև ձախողել էր, որովհետև երկրի զինվորական ղեկավարությունը պատրաստ էր լայնածավալ հակահարձակման: Ադրբեջանի զոհերի մեծ մասը բեկորային վիրավորմամբ են եղել, ինչը վկայում է, որ ՀՀ ԶՈւ հրետանավորները գործել են փայլուն ու համակարգված:

Մարտական ընկերներ – հեղինակ՝ Վահագն Պողոսյան

Ադրբեջանում վաղուց և խորապես էին պատրաստվել ապրիլյան հարձակմանը՝ մոբիլիզացնելով բոլոր ոլորտներն ու ուժերը, կանխատեսելով հնարավոր ելքերն ու կորուստները, բայց պարզվեց, որ այդքան աշխատանքներ տանելով հանդերձ, նրանք սխալվեցին իրենց հաշվարկներում: Բերեմ մի օրինակ՝ ըստ իրենց կանխատեսումների, մարտական գործողություններում ընդգրկված անձնակազմի մեջ ծանր վիրավորովածների թիվը չպիտի գերազանցեր 12 տոկոսը, այնինչ թիվը կազմեց 45 տոկոս: Իսկ ապրիլի 4-ին Ադրբեջանը Ռուսաստանի միջոցով հրադադար խնդրեց. նրանց համար արդեն պարզ էր, որ հայերի «դեմը չառնելու» պարագայում  հակահարձակումը կանխել և 10 անգամ ավելի զոհերից խուսափելն անհնար կլինի:

Ու թեև և´ պատերազմ նախաձեռնողը, և´ իր ձեռնարկած գործողություններում ձախողողը, և´ հրադադար խնդրողն Ադրբեջանն էր, մինչ այսօր՝ 4 տարի շարունակ փորձ է արվում արժեզրկել ՀՀ ԶՈւ աշխատանքը, ու ամենազարմանալին այն է, որ դա միայն թշնամի երկրի կամ տարածաշրջանում քաղաքական շահեր հետապնդող պետությունների ու կազմակերպությունների կողմից չի արվում, այլ արժեզրկման գործընթացն ընթանում է հենց մեր երկրի ներսում: Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

Պատասխանները տարբեր կարող են լինել: Օրինակ՝ քաղաքական դիվիդենտներ քաղելու համար՝ ցույց տալու, որ մի քաղաքական թիմը ձախողել է լրջագույն հարցերում, իսկ մյուսը երբեք չի սխալվի: Մյուս տարբերակը՝ որոշակի ֆինանսական աղբյուրներից օգտվելու պատճառով, աղբյուրներ, որոնց ձեռնտու է հայ հանրության հոգեբանական անկումը, ինչը ծնում է թուլացում ու պայքարի, ընդվզման անընդունակություն: Երրորդը՝ թշնամու քարոզչությանը զոհ գնալը, ինչը կարող է լինել «այստեղ կարդացել եմ», «սրանից լսել» եմ ձևաչափում՝ առանց խորանալու, թե ով է աղբյուրը, ճիշտ է տեղեկությունը, թե ոչ, վստահելի է, թե հորինովի: Չորրորդ տարբերակը եկեք անվանենք միամիտների տարբերակ. այն մարդիկ, որոնք ունեն մեծ լսարան, միևնույն ժամանակ ստեղծագործական միտք ու ուժեղ երևակայություն և մեկ էլ տեսար մի «հանճարեղ» գեղարվեստական սցենար են հղանում և մատուցում են իրենց լսարանին որպես աներկբայելի իրականություն: Հինգերորդ… Պատասխանի տարբերակները շատ կարող են լինել, բայց եկեք այսքանով սահմանափակվեմ:

Ընդմիջում առաջնագծում – հեղինակ՝ Հակոբ Հակոբյան

Վստահեցնում եմ՝ հայ զինվորն ու սպան «Քառօրյա պատերազմում» գործել են խելամտորեն և համարձակ վարքագիծ են ցուցաբերել, նրանց բարոյահոգեբանական վիճակը եղել է կայուն և ուժեղ, նրանց՝ զինակից ընկերների թափված արյան վրեժը լուծելու ցանկությունը եղել է անխախտ: Նույն ամրությունը եղել է թիկունքում, ինքակազմակերպ, զարմացնող ամրություն, որը պակաս դեր չի ունեցել հաղթանակի կերտման գործում: Կրկին հարց՝ ինչո՞ւ եք ուզում այդ տղերքի ձեռքից խլել հաղթանակը, ինչո՞ւ եք ուզում ապացուցել, որ հայ զինվորը, քաղաքացին պարտվել են, ինչի՞ եք հասնում դրանով, ո՞րն է նպատակը, մի՞թե ձեր քաղաքական, ֆինանսական և անձնական ախորժակն ավելի թանկ ու էական է, քան այն արյունը, որ թափվել է, քան այն ջանքը, որ գործադրվել է:

Ադրբեջանում ամեն օր ահռելի ջանքներ, ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ են գործադրում պարտվածի հոգեբանությունը մարդկանց միջից հանելու, սեփական հանրությանը հայերնասիրություն ներարկելու համար, այդ նպատակով նույնիսկ պատերազմ են սանձազերծում ու կրկին պարտվում՝ պարտությունը համառորեն «համեմելով» ստով ու մանիպուլյացիայով, որ կարողանան իբրև թե հաղթանակած դուրս գալ, իսկ որոշ հայ մարդիկ ոչ պակաս համառությամբ ուզում են մեր ժողովրդի միջից հանել ի բնե առկա հայրենասիրությունը, արյունով վաստակած հաղթողի բերկրանքը: Չէ՞ որ այս մի կտոր հողը բոլորիս հայրենիքն է, մենք, մեր երեխաները, բարեկամները, այս կամ այն չափով հարազատ դարձած մարդիկ են ապրում ու ապրելու այստեղ, մի՞թե դժվար է հասկանալ, որ մարդու ֆիզիկական անկումն անգամ սկսվում է նրա հոգեբանական պարտությունից: Սա նույնն է, ինչ 17 դար անց հայտնվում են մարդիկ, այո, հենց հայեր, որոնք աշխարհին փորձում են ապացուցել, որ Հայաստանը չի եղել քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգը: Իմաստը՞:

Ամփոփելով ասելիքս՝ դիմում եմ մտածել սիրող և «շտապ տարածեք»-ի մոլուցքով չտարված հայրենակիցներիս՝ եթե լավն իրականություն է, եկեք չընկնենք անիրական վատը փնտրելու հետևից, դիմում եմ նաև մանիպուլյացիաների սիրահար իմ հայրենակիցներին՝ հայրենիքը ձեր մանր խաղերից անչափելի թանկ է, եկեք ապրենք փոխադարձ հարգանքով, արդար և հոգատար քննադատությամբ, միմյանց աշխատանքը չարժեզրկելով… Գոնե այս համավարակի, ամեն օր կորսվող հազարավոր կյանքերի, հասարակ ամենօրյա երևույթների կարոտի, մինիմալ պահանջների ու ցանկություների անբավարարության ֆոնին պիտի, չէ՞, վերանայենք մեզ շրջապատող երևույթները, մեր գործողությունները, մեզ և գնահատենք արժեքավորը:

Այս հոդվածը առաջինը հրապարակվել է aysor.am կայքում

Հեղինակ՝ Բոգդան Աթանեսյան

Աղբյուր՝ Aysor.am