Ընկերներիցս մեկը վերջերս ուղարկեց ինձ ֆեյսբուքահայության շրջանում բավականին լայն տարածում գտած մի գրառում և, իմանալով որ ընդդիմադիր հայացքներ ունեմ, խնդրեց կարծիքս հայտնել։ Գրառման մեջ ներկայացված է Հայաստանի նոր կառավարության վերջին երկու տարիների ընթացքում գրանցած ձեռքբերումները։
Ներկայացված ցանկի ուշագրավ կետերից էին Երևանում նոր ջերմային էլեկտրակայանի (ThermalԷԿ) գործարկումը, Ջրվեժում կառուցված ինժեներական քաղաքը (տեխնոլոգիական համալիր Երևանի ներսում), ԹՈՒՄՈ տեխ․ պարկը, խոշոր արևային էլեկտրակայանը, և այլն։
Առաջին հայացքից, այս ցանկը իսկապես տպավորիչ էր, սակայն, ավելի խորը ուսումնասիրելով առկա կետերը, նկատեցի մի կարևոր բան որը կուզեմ ներկայացնել ձեզ։
Գրեթե ամբողջ ցանկը կազմված էր նախորդ կառավարությունների ձեռքբերումներից, իսկ մնացած կետերը կեղծ պնդումներ էին, որոնք արվել էին ներկայիս կառավարության ղեկավար անդամների կողմից։
Անցնենք փաստերին։
Ջրվեժ ինժեներական քաղաք
Նախագիծը առաջին անգամ ներկայացվեց 2016թ․։ Պաշտոնական հայտարարությունը տեղի ունեցավ 2017թ․ հունիսին Էկոնոմիկայի նախարարության կողմից, իսկ նույն տարվա աշնանն արդեն գործում էին առաջին գրասենյակները։
ԹՈՒՄՈ Տեխ Պարկ
«ԹՈՒՄՈ Տեխ Պարկ» կառուցելու ծրագիրը հանդիսանում էր «ԹՈՒՄՈ»-ի նախաձեռնություններից մեկը, որի մասին հայտարարվել էր 2018թ․ փետրվարի 20-ին։
Երևանի Ջերմաէլեկտրակայան
Կառուցման պայմանագիրը վերջականացվեց 2017թ․ առաջին եռամսյակում, որի համաձայն ծրագրի մեկնարկը տրվելու էր 2018թ․ առաջին եռամսյակում։ Պայմանագիրը, սակայն, կտրուկ և միակողմանիորեն դադարեցվեց ՀՀ նոր կառավարության իշխանության գալով։ Այս քայլի նպատակն, ըստ նոր կառավարության, բանակցությունների վերսկսումն էր, ինչի արդյունքում երկիրը կունենար տարեկան 6․4 միլիոն ԱՄՆ դոլարի խնայողություն։ Այս քայլերն, իհարկե, աննկատ չեն մնա Եվրոպական միության կողմից՝ հաշվի առնելով այն, որ «Ռենկո» ընկերությունը Եվրոպական միությունից ամենանշանավոր ներդրողն է Հայաստանում։
Տրանսպորտային նոր համակարգ
Հեղինակը նշում է, որ տրանսպորտային նոր համակարգը ներդրվել է Վաղարշապատ քաղաքում (Էջմիածին)։ Իհարկե, հեղինակը բաց է թողնում այն փաստը, ըստ որի Երևանի և ամբողջ երկրի քաոսային և հնացած տրանսպորտային համակարգերի ամբողջական փոխարինման ու թարմացման գործընթացը նախատեսված էր սկսել 2018թ-ին։
Նախատեսվում էր Երևանի երթուղիների քանակի կրճատում՝ թվով 115 չկարգավորված և մասնավոր երթուղիները կփոխարինվեին 42 ծրագրված և փոխկապակցված երթուղիներով։ Երթուղիների մշակման ծրագիրն իրականացվելու էր բրիտանական «WYG» կառավարման խորհրդատվական գրասենյակի կողմից։ Թվով 2039 ավտոբուսներին ու միկրոավտոբուսներին փոխարինելու էին 939 ավտոբուսներ՝ հավերժ փակելով «մարշուտկա»-յի դարաշրջանը։
Այսպիսով, Հայաստանը, ունենալով հետսովետական երկրների շարքում հասարակական տրանսպորտի ամենավատ ցուցանիշը, կվերափոխվեր՝ դառնալով լավագույններից մեկը այս ոլորտում։
Բնականաբար, այս բարեփոխումներն իրականացնելու արդյունքում տրանսպորտի սակագինը կբարձրանար։ Նշենք, որ վերջին անգամ այն բարձրացել էր 20 տարի առաջ, երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն այսօրվա հետ համեմատ մեկ տասներորդից քիչ էր կազմում։
Ցավոք, նոր իշխանությունները, ովքեր իրենց հեղինակության գերակշիռ մասը ձեռք էին բերել 2013թ․-ին տեղի ունեցած տրանսպորտի գնի թանկացման դեմ ցույցերի ընթացքում, չէին կարող գնալ մի քայլի, որը կհակասեր իրենց նախորդ պնդումներին, չնայած որ այն օրհասական կարևորության խնդիր կլուծեր։
Հնարավոր է որ Վաղարշապատում տրանսպորտի բարեփոխումներ իրոք տեղի են ունեցել, սակայն, դատելով համացանցում առկա տեղեկություններից, այդ բարեփոխումները այնքան նշանակալի ու տեսանելի չէն եղել հանրության համար։ Այնուամենայնիվ, Վաղարշապատը հանդիսանում էր ավելի մեծ և հեղափոխական ծրագրի ընդամենը փոքրիկ մասը, որով պետք է սկիզբ դրվեր համազգային տրանսպորտային համակարգի բարեփոխմանը, ինչն իհարկե, այդպես էլ տեղի չունեցավ։
Արևային պանելներ
2017թ․ մարտի 24-ին Հայաստանի Կառավարությունը հայտարարեց ԱՄԷ-ից Հայաստանում արևային էներգիայի պանելների կառուցման համար 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրման ծրագրի մասին։ Այս հայտարարությանը հետևեց 2017թ․ մարտի 30-ին ԱՄԷ-ից սպասվելիք մեկ այլ ներդրումային ծրագրի մասին հայտարարություն։ Այս անգամ խոսքը գնում էր 150 միլիոն ԱՄՆ դոլար արժողության քամու էներգիայի գործարանի կառուցման մասին։ Երկու հայտարարություններն էլ արվել էին Սերժ Սարգսյանի ԱՄԷ կատարած այցի արդյունքում։
2017թ․ դեկտեմբերի 5-ին հայտարարվեց, որ «Արփի Սոլար» ընկերությունը շահել է տենդեր և շուտով կսկսի 55ՄՎ արևային պանելների կառուցումը Մասրիկում։ Վերջինս հանդիսանում էր այն 6 արևային պանելների մաս, որոնք պետք է ունենային 110 ՄՎ կարողություն։
Նոր Գործարաններ
Հեղինակը նշում է երեք հիմնական նախագծեր՝ Աբովյանի ադամանդի գործարանը, որն ունի 700 աշխատող, Առինջի իտալական կերամիկայի գործարանը, որն ունի 500 աշխատող, և Ալեքս Տեքստիլը, որն ունի 1000 աշխատող։
Տպավորիչ է։ Այնուամենայնիվ, հեղինակը բաց է թողնում մեկ կարևոր հանգամանք․ այն է, որ առաջին երկու ծրագրերը հանդիսանում են Գագիկ Ծառուկյանի, իսկ վերջինը Սամվել Ալեքսանյանի նախաձեռնությունները, և բոլորն էլ ծրագրվել և իրագործվել են շատ ավելի վաղ քան կառավարության փոփոխությունը։ Ավելին, այս ծրագրերը հաջողել են, չնայած որ ներկայիս կառավարությունը դեռևս որպես ընդդիմություն ջանք չէր խնայում սևացնելու այս անհատների հեղինակությունը և բորբոքելու անվստահությունը Հայաստանում տեղի ունեցող ներդրումների հանդեպ։
Այնուամենայնիվ, ներկայիս կառավարությունը որպես ներդրողների հանդեպ վարած իր քաղաքականության կարևոր քայլ կարող է հիշատակել Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված տնտեսական տեռորը, ով, ինչպես տեղյակ ենք, հանդիսանում է խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը, ով ունի բավականաչափ պատգամավորներ կանխելու ՍԴ-ի դեմ ներկայիս հակասահմանադրական գործողությունները, ինչպես նաև իրավունք ունի ցանկության դեպքում անվստահության քվե հայտնելու։
Ընդդիմությանը ճնշելու և իրեն ենթարկեցնելու նպատակով՝ Նիկոլ Փաշինյանը և իր կուսակցությունը չեն հապաղում օգտագործել պետության ինստիտուցիոնալ լծակները ըննդեմ Ծառուկյանի բիզնես շահերի։ Այս մոտեցման վառ օրինակ է հանդիսանում քաղաքի կենտրոնում 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ հինգաստղանի հյուրանոցի կառուցման աշխատանքների դադարեցումը, մոտ մեկ տարի այն թողնելով կիսակառույց վիճակում։
Կանգնած լինելով ընտրության առջև՝ մի կողմում ունենալով իր բիզնես շահերը իսկ մյուս կողմում իր քաղաքական հավակնությունները – իհարկե նաև հաշվի առնելով իր պարտավորությունները որպես ընդդիմության առաջնորդ – Գագիկ Ծառուկյանը կրկին որոշում կայացրեց հօգուտ իր բիզնես շահերին։
Որպես ևս մեկ ապացույց, հարկ եմ համարում նշել, որ սույն հոդվածի հրապարակման օրը ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրենը։ Ցավալի փաստ է, որ մեծ թվով հասարակ քաղաքացիներ կկորցնեն իրենց աշխատանքը, որպեսզի Փաշինյանը կարողանա ամրացնել իր քաղաքական դիրքը։ Ավելորդ է նշել, որ աշխատանքի կորստի այս փաստը որևէ նշանակություն չունի Փաշինյանի և իշխող կուսակցության համար։
Մյուս 4 ավելի փոքր գործարանները, որոնց մասին հիշատակել է հեղինակը, ունեն նույն ճակատագիրն, ինչ այն երեքը։ Այս չորսից ամենամեծը՝ Մարալիկի Բամբակի-տեքստիլի գործարանը, որն ունի 150 աշխատող, Վարդան Սիրմաքեշի սեփականությունն է, ով հանդիսանում է անկախությունից հետո Հայաստանում սփյուռքահայ ամենախոշոր ներդրողը Արևմուտքից։
Նույն Վարդան Սիրմաքեշը կառավարության փոփոխությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշում էր կառավարության աջակիցների կողմից իր սոցիալական էջի վրա գործած հարձակումների մասին, ի պատասխան նրա կողմից հրապարակած Սերժ Սարգսյանի նկարին։
Ryanair և Wizz Air
Հեղինակի նշած մեկ այլ ձեռքբերում, որը գլխավորում է ներկայիս կառավարության «նախընտրելի» ձեռքբերումների ցանկը, «Ryanair» ավիաընկերության մուտքն է Հայաստան։
Չնայած հանրահայտ ռուս հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը այլ մոտեցում ուներ այդ «ձեռքբերման» վերաբերյալ, հայտնելով, որ «Ryanair»-ի կողմից նույն առաջարկն արվել է Սերժ Սարգսյանին։ Վերջինս էլ մերժել է այն, պատճառաբանելով, որ առաջարկը տնտեսապես որևէ նպատակ չէր հետապնդում։
«Ամբողջ համացանցը քննարկում է, թե ի՜նչ հրաշալի աղջիկ է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, ով կարողացել է «համոզել» Ryanair-ին գալ Հայաստան։ Բացարձակ հիմարություն։ Ի՞նչ կապ ունի այդ աղջիկը դրա հետ։ Ընկերներ, խնդիրը Տաթևիկ Ռևազյանի՝ ավիաընկերության հետ համաձայնության գալու կարողությունների մեջ չէ, այլ նրանում, որ պետությունը վերացրել է օդանավակայանի վճարները ավիաընկերության համար, որպեսզի նրանք համաձայնեն թռիչքներ սկսել դեպի Հայաստան»։
Հայաստանի Կառավարությունը թույլ չէր տալիս նմանտիպ հայտարարություններին խամրեցնել այս հաղթանակը, ըստ որի այս ձեռքբերումը հենց իրենց իշխանությանն էր պատկանում, այլ ոչ նախկիններին։ Բացի այդ, Կառավարությունն այնքան էր տարվել այս ձեռքբերումով, որ հրաժարվում էր չեղարկել «Ryanair»-ի Իտալիայից թռիչքները, նույնիսկ այն ժամանակ, երբ Իտալիան դարձել էր պանդեմիայի նոր էպիկենտրոնը։ Արդյունքում, կորոնավիրուսը մուտք գործեց Հայաստան Միլան-Երևան թռիչքով ժամանած երկու անհատի միջոցով։ Իտալիայից թռիչքներն ի վերջո չեղարկվեցին մարտի 13-ին հենց «Ryanair»-ի կողմից։
Ընդամենը մի քանի շաբաթ անց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ կապված բոլոր ողջամիտ տարաձայնությունները, կարծես, հանգուցալուծվեցին մի ցնցող լուրով, ըստ որի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից հայկական 2 ավիաընկերությունների արգելվել է թռիքչներ իրականացնել դեպի Եվրոպա: Նշենք, որ դեռևս Ryanair-ի հրապարակային քարոզարշավի ընթացքում, Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին նախազգուշացվել էր նման հնարավոր վերջաբանի մասին։ Այս լուրը հատկապես ցնցող էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ նույն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին 2015թ․ տվել էր բարձր ցուցանիշ՝ գնահատելով 100-ից 80 միավորով։
Այն հարցին, թե ինչպես է նման սխալ թույլ տրվել Կոմիտեի կողմից, ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը պատասխանում է․ «Երբ անձնակազմին հարցնում էի, թե ի՞նչ թերացումներ եք գտել, ինձ ճիշտ պատասխան չէին տալիս»։
Հարկեր և տնտեսական ցուցանիշներ
Հեղինակի մեջբերած տնտեսական և եկամտային ցուցանիշների վերաբերյալ կխնդրեմ կարդալ հոդվածները, որոնք տեղադրված են ներքևում։ Դրանք բավականին բարդ նյութեր են, որոնք պահանջում են երկար և մանրամասն բացատրություններ, որոնք էլ ներկայացված են այդ հոդվածներում։
Կարևոր այլ փաստեր
- Ոչ, 350 կմ երկարությամբ ճանապարհներ չեն կառուցվել ոչ 2019-ին, ոչ 2018-ին և ոչ էլ դրանից առաջ։ Հեղինակը ընդամենը կրկնում է իշխող կուսակցության սիրված կեղծ հայտարարություններից մեկը։ Հնարավոր է, որ 350 կմ երկարության ճանապարհ է վերանորոգվել (հաշվի առնելով վերանորոգել բառի մեր սուբյեկտիվ ընկալումը), և բնական է, որ այս թիվը պետք է որ ավելի մեծ լիներ, քան տասը տարի առաջ, քանի որ տարեցտարի ավելացող հարկային ու մաքսային եկամուտը թույլատրում է վերանորոգել ավելի շատ ճանապարհներ, քան նախորդ տարիներին։ Եվս մեկ անգամ նշում եմ, որ ՈՉ, 350 կմ երկարությամբ ճանապարհ չի ԿԱՌՈՒՑՎԵԼ։ Հայաստանում ճանապարհաշինարարության ոլորտում իրականացված ամենակարևոր ծրագիրը մինչ օրս հանդիսանում է ռազմավարական բարձր նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ մայրուղին, որի աշխատանքները դադարեցված են գրեթե երկու տարի, քանի որ կառավարությունը զբաղված է այն գործով, ինչով շատ է սիրում զբաղվել՝ ուսումնասիրել այն ընկերություններին, ովքեր կառուցում են այն կոռուպցիա բացահայտելու նպատակով։ Միակ այլ ճանապարհաշինարարական ծրագիրը, որը ևս ռազմավարական բարձր արժեք ունի, Մ6 մայրուղին է, որն էլ իրագործվել է 2016թ․
- Նվազագույն աշխատավարձի բարձրացումն արդեն իսկ ծրագրված էր, իսկ աղքատության ցուցանիշը արդեն իսկ նվազում էր։ Կանխատեսվում էր նաև դրա հետագա նվազումը։
Եվ վերջապես, որքան էլ որ նողկալի եմ համարում կոռուպցիայի մասին որևէ հայտարարության անդրադառնալը, այնուամենայնիվ արձանագրենք թե հեղինակը ինչպիսի հպարտությամբ է ներկայացնում ակնհայտ և անհերքելի դավաճանությունը։ Խոսքը այն մասին է, թե ինչպես փորձ արվեց վարկաբեկել ՀՀ Զինված Ուժերին, տարածելով ստեր ըստ որոնց Երկրապահ կամավորների միությունում հայտնաբերված քաղաքացիական մեքենաները կապ ունեն ՀՀ Զինված Ուժերի հետ (խնդրում եմ դիտել ստորև տեղադրված տեսանյութը), կամ ակնարկվեց, որ այնտեղ գտնվող սնունդը կամ զենքը գողացված էր ՀՀ Զինված Ուժերից։ Անկախ այն բանից թե Մանվել Գրիգորյանի հանդեպ ունի համակրանք թե հակակրանք, մարդ կարող է վրդովվել այն հանգամանքից, որ ՀՀ Զինված Ուժերի պատիվն ու հեղինակությունը կեղծ պատրվակով հողին հավասարեցվեց, հօգուտ խայտառակ մի անձնավորության քաղաքական շահերի։